
Ջինգ Յան
Չինացի երիտասարդ դաշնակահար Ջինգ Յանը հայտնի է իր դաշնամուրային կատարողական ոճի ինտելեկտուալ խորությամբ և ընդգծված կենսականությամբ։ 2011թ․ դառնալով Բոննի «Telekom Beethoven» միջազգային երաժշտական մրցույթի 1-ին մրցանակակիր՝ Ջինգ Յանը ծավալել է ակտիվ գործունեություն և կատարումներով պարբերաբար հանդես է գալիս Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի խոշոր քաղաքներում։ Բեթհովենի դաշնամուրային ստեղծագործությունների նրա նրբագեղ և փիլիսոփայական մեկնաբանությունները դրական գնահատականի են արժանացել ամբողջ աշխարհում։ Որպես հրավիրյալ դաշնակահար Ջինգ Յանը հաճախ է ելույթ ունենում բազմաթիվ միջազգային նվագախմբերի հետ, որոնց թվում` Բոննի Բեթհովենի անվան նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Աախենի սիմֆոնիկ նվագախումբը, Մոսկվայի «Մուզիկա վիվա» նվագախումբը և Ռուանի օպերային թատրոնի նվագախումբը։
2013 թվականին Ջինգ Յանը թողարկել է Բեթհովենի ուշ շրջանի դաշնամուրային ստեղծագործություններով իր առաջին ձայնասկավառակը, որոնցում ներառված էին «Դիաբելլի թեմայով վարիացիաները» և «Բագատելները»: Որպես Բեթհովենի երաժշտության նվիրյալ դաշնակահար՝ Ջինգ Յանը 2016 թվականին սկսել է ձայնագրել կոմպոզիտորի 32 դաշնամուրային սոնատները Բոննի «Beethoven-Haus»-ում՝ դառնալով առաջին չինացի դաշնակահարը, որը կատարել և ձայնագրել է Բեթհովենի բոլոր սոնատները:
2019 թվականին դաշնակահարը առաջարկ է ստացել Գերմանիայի Բոնն և Չինաստանի Չենգդու գործընկեր քաղաքներից՝ որպես գեղարվեստական ղեկավար ստեղծելու «Չենգդույի Բեթհովենի մշակութային շաբաթ» ամենամյա փառատոնը։ Ջինգ Յանը սովորել է Օբերլինի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ Պետեր Տակաշ) և Զալցբուրգի «Մոցարտեում» կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ Պավել Գիլիլով), որտեղ դաշնամուր է դասավանդում՝ սկսած 2017 թվականից։