Հոկտեմբերի 18-ին հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը:
«Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում հոկտեմբերի 18-ին (երկուշաբթի), ժամը 17։00-19։00 Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան մեծ համերգասրահում հիմնադրամի կրթաթոշակառուների համար վարպետության դասեր կանցկացնի հայտնի դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը: Միջոցառումն իրականացվում է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture / EUFSC) աջակցությամբ: Վարպետության դասերը բաց են ունկնդիրների՝ երաժշտական հաստատությունների սաների համար: Դասերի ընթացքում որպես պասիվ ունկնդիր կարող են ներկա գտնվել նաև այն երեխաները, որոնք չեն հաղթահարել կրթաթոշակի համար հայտարարված մրցույթը։ Վարպետության դասերին մուտքը միայն դիմակներով: --- Ժան-Պոլ Գասպարյանը որպես մենակատար հանդես է եկել մի շարք նվագախմբերի հետ, որոնց թվում՝ «Orchester National d'Ile-de-France» նվագախումբը, Ռոբերտ Շումանի անվան ֆիլհարմոնիկ նվագախումբը Խեմնիցում, Հյուսիսային Գերմանիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Նորմանդական տարածաշրջանային նվագախումբը, Վալենսիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Մոցարտի, Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Մենդելսոնի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի, Գերշվինի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ: Ժան-Պոլը ելույթ է ունեցել Ցյուրիխի «Tonhalle», Համբուրգի «Laeiszhalle», Բրեմենի «Die Glocke», Զալցբուրգի «Mozarteum», Բելգրադի «Kolarac» և այլ համերգասրահներում:
Comentários